«ԿԱՄՔ»-ի բողոքը՝ Ազգային Ժողովի դահլիճում տրանսգենդերների իրականացրած «ցնցող ոտնձգությանը» (տեսանյութ)
Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն այս պահին ԱԺ-ի այգում սկսել է բողոքի ակցիա: Նախապես հայտարարություն էր տարածվել.
«Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնությունը սույնով հայտարարում է, որ 2019թ. ապրիլի 8-ին կեսօրվա ժամը 12:00-ից մինչև երեկոյան ժամը 19:00 անցկացնելու ակցիա Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի այգում` որպես բողոք Ազգային Ժողովի դահլիճում ապրիլի 5-ին տրանսգենդերների իրականացրած ցնցիչ ոտնձգությանը:
2019թ. մարտի 9-ին, «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնությունը դատապարտել էր Կանանց Ռեսուրսային ՀԿ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի 2019թ. մարտի 8-ին, նույն Ազգային Ժողովում ունեցած ելույթում հնչեցրած մտքերի դեմ:
Այդ առիթով դիմել էր հայտարարությամբ, որտեղ նշվում էր՝
«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին հորդորում ենք՝ մեր ժողովրդի ներկայացուցչական ամբիոնը զերծ պահել նման սրբապղծությունից, իսկ Հայաստանում նման քարոզչություն թույլ տվողներին և կազմակերպողներին հրավիրում ենք զգաստության, քանի որ արդեն լցվել է մեր ավանդապաշտ ժողովրդի համբերության բաժակը»:
ՀՀ ԱԺ-ն ընտրվել է Հայաստանի ավանդապաշտ հասարակության մեծամասնության կողմից՝ որպես արդար հետևանք նույն այդ հասարակության մայիսյան ընդվզմանը,
և մենք, որպես վերքաղաքական հասարակական նախաձեռնություն, բազմիցս հայտարարել ենք, որ աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ներկա իշխանությունների ջանքերն ու բացառում վերադարձը հին արժեքներին:
Սակայն գիտակցելով, որ կաշառակերության եւ ամենաթողության այլընտրանքն այլասերությունը չէ, մենք շարունակելու ենք պայքարել մինչև տառացիորեն կպաշտպանվեն ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածով ամրագրված հայկական ավանդական ընտանիքի, ինչպես նաև մայրության և մանկության հովանավորման իրավունքները:
Արդ որպես ՀՀ սահմանադրությանը ծառայող միավորի, ՀՀ ԱԺ-ից պահանջում ենք՝
Բացահայտել նրանց անունները, ովքեր ապրիլի 5-ին պատճառ հանդիսացան տեղի ունեցած սրբապղծությանը:
Երաշխավորել, որ այլասերում քարոզող նման խայտառակ երևույթներ չեն կրկնվելու ՀՀ ԱԺ դահլիճներում:
Միասեռականության քարոզչության արգելում (ԱԺ օրակարգ մտցնել «Միասեռականության քարոզչության արգելք անչափահասների շրջանում» օրենքի նախագիծ):
Օրենքով արգելել անբարոյականության խոսքի և կարծիքի արտահայտումը, որը ամրագրված է ՀՀ Սահմանդրության թիվ 42 հոդվածով, որպես ազատ խոսքի և կարծիքի արտահայտման սահմանափակում:
Կոչ ենք ուղղում ավանդապաշտ հանրությանը,
հանուն մեր սերունդների,
միանալ մեր պայքարին»: