Ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակելու նախագիծը մտավ ԱԺ օրակարգ
Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգային հարցերից մեկը ապրիլի վերջին շաբաթ օրը քաղաքացու օր հռչակելու հարցն է։ Այն միտված է նախորդ տարվա ապրիլ-մայիսի իրադարձություններում քաղաքացու դերը բնորոշելուն։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը», – ասվում է նախագծում։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին:
«Համաժողովրդական շարժման արդյունքը եղավ ոչ բռնի թավշյա հեղափոխությունը … Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռնի հայոց պատմության մեջ նոր էջ բացած, Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով տոնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր», – ասվում է հիմնավորման մեջ: