ՄԱԿ-ը լողացող քաղաքներ կստեղծի՝ գլոբալ տաքացման դեպքում առափնյա շրջանների բնակիչներին փրկելու համար
Միացյալ ազգերի կազմակերպությունն ուսումնասիրում է լողացող քաղաքների կառուցման հնարավորությունը՝ գրում է Daily Mail-ը։
Ինչպես նշում է թերթը, լողացող քաղաքների ստեղծման հիմնական նպատակը
կլինի գլոբալ տաքացման հետեւանքով ծովի մակարդակի բարձրացման դեպքում
առափնյա շրջանների բնակիչներին փրկելը։
Նշվում է, որ խորտակման վտանգի տակ է աշխարհի խոշորագույն քաղաքների 90 տոկոսը։
Թիմը, ՄԱԿ-ի աջակցությամբ, կզբաղվի ծովի հատակին ամրացված մոդուլային
հարթակների ֆուտուրիստական նախագծի ուսումնասիրությամբ։ Դրանք կարող են
օվկիանոսներում բնակության վայրեր լինել։
Այդ հնարավորության ուսումնասիրությունը, ՄԱԿ-ի UN-Habitat-ի
աջակցությամբ, կիրականացնեն մասնավոր Oceanix ընկերությունը, Մասաչուսեթսի
տեխնոլոգիական ինստիտուտը եւ Հետազոտողների ակումբը։
Հետազոտողների թիմը ծրագրում է մի քանի ամսվա ընթացքում ստեղծել ապագայի
լողացող քաղաքի նախատիպ եւ ներկայացնել այն հանրությանը։ Ակնկալվում է, որ
նախագիծը կներկայացվի Նյու Յորքի Իստ-Ռիվեր նեղուցում, որը ՄԱԿ գլխավոր
գրասենյակի մոտակայքում է։