ԱԱԾ-ն չի պայքարում «ֆեյքերի» դեմ. Արթուր Վանեցյան. (տեսանյութ)
ԱԱԾ-ն չի պայքարում «ֆեյքերի» դեմ, այլ այն արարքների, որոնք օրենքով արգելված են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
««Ֆեյքերի» դեմ պայքար տերմին եք մտցնում։ Մենք պայքարում ենք նրա դեմ, ինչն օրենքով արգելված է, եթե կա ինչ-որ արարքի մեջ հանցակազմ, մենք պայքարում ենք դրա դեմ, ոչ թե «ֆեյքերի» դեմ»,- պարզաբանեց Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե կա՞ն թիրախավորված այլ «ֆեյքեր», ԱԱԾ պետը պատասխանեց. «Կատարվում են մշտական աշխատանքներ, եթե լինեն արդյունքներ, դուք կտեղեկանաք»։
Իրան կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում օտարերկրյա գործակալներ կան․ լրագրողի այս հիշեցմանը՝ Վանեցյանն արձագանքեց․ «ամեն ինչ իր ժամանակին»։
Հիշեցնենք, որ կառավարության ապրիլի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր կոշտ հակահարված տալ սոցցանցերում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անող «ֆեյք» օգտատերերին։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, որ «ֆեյքերի» դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ եւ մտածված։
ԱԱԾ-ն արդեն ապրիլի 5-ին ձերբակալել էր «Դուխով Հայաստան բաց հաասարակություն» էջի տակ թաքնվող անձին։