Վալվերդե․ Մենք դեռ չենք նվաճել տիտղոսը, պետք է ավարտել աշխատանքը
Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ամփոփել է Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակը Պրիմերայի 31-րդ տուրում։
«Մենք մոտ ենք տիտղոսին, բայց դեռ չենք նվաճել, պետք է ավարտել աշխատանքը։ Կարեւոր հանդիպում էր, որը մեծ նշանակություն ուներ երկու թիմերի համար էլ։ Ուրախ ենք արդյունքի համար, քանի որ «Աթլետիկոն» երկրորդ տեղում է եւ գերազանց թիմ է, որը 10 ֆուտբոլիստներով պայքարեց մինչեւ վերջ։
Առջեւում կարեւոր հանդիպում ունենք Չեմպիոնների լիգայում, որից հետո նոր կմտածենք «Ուեսկայի» դեմ հաջորդ խաղի մասին։ Կձգտենք հաղթել մնացած բոլոր խաղերում, բայց նախքան այդ կկենտրոնանանք Չեմպիոնների լիգայի վրա։
Դիեգո Կոստայի հեռացումը փոխեց խաղային ռիթմը։ Հանդիպումն ընդմիջվեց խաղադաշտում տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ Մենք չէինք կարող դա կանխատեսել։ «Բարսելոնան» ավելի լավ խաղաց երկրորդ խաղակեսում, բայց պետք է նշել նաեւ «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի գերազանց խաղը»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Բարսելոնան» 73 միավորով առաջին տեղում է եւ «Աթլետիկոյի» նկատմամբ ունի արդեն 11 միավորի առավելություն։ Երրորդ տեղում ընթացող «Ռեալը» վաստակել է 60 միավոր։