Ստեփանակերտում ընթանում է 12 տարի կառուցված Մայր տաճարի օծման և բացման արարողությունը (տեսանյութ)
Ստեփանակերտում ընթանում է Առաջնորդանիստ եկեղեցու օծման եւ բացման պաշտոնական արարողությունը։
Օծման արարողությունը կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ։
Արարողությանը մասնակցում են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Օծման արարողությունը տեւելու է մոտ մեկ ժամ, որից հետո Գարեգին Բ կաթողիկոսը կհայատարարի եկեղեցու անունը՝ Սուրբ Աստվածամոր Հովանի։
Այնուհետեւ եկեղեցում կմատուցվի առաջին սուրբ պատարագը։
Հիշեցնենք, որ եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2006 թվականի հուլիսի 19-ին՝ Քրիստոսի պայծառակերպության տոնին՝ Գարեկին Բ-ի ձեռամբ։ Շինարարութւոնը տեւել է 12 տարի ։
Տաճարի տրամագիծը հիմքում 30 մետր է, բարձրությունը՝ 35 մետր, խաչի բարձրությունը՝ 3 մետր, կամարակապ մեծ դահլիճի բարձրությունը մոտ 6 մետր է։
Առաջնորդանիստ եկեղեցին Արցախի ամենամեծ եկեղեցին է եւ 90-րդը Արցախի թեմի բացումից ի վեր։
Արցախի մայրաքաղաքում մայր տաճար ունենալու գաղափարը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն է եղել:
Գաղափարն իրականացնելու համար վերջինս դիմել է մի շարք բարերարների: Առաջինն արձագանքել է հայտնի բարերար երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը, որը և կատարել է սկզբնական ամենախոշոր նվիրատվությունը: Եկեղեցու կառուցման ֆինանսավորումը շարունակել են Հրանտ Վարդանյանի որդիները` Միքայել և Կարեն Վարդանյանները:
Վարդանյան ընտանիքը Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցման համար ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ: