Էլէներգիան պետք է էժանանար 0.37 դրամով բոլորի կամ 10 դրամով անապահով ընտանիքների համար
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է 2018 թվականի գործունեության հաշվետվությունը: Զեկույցի մեջ անդրադարձ կա նաեւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությանը:
Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր գործոններով պայմանավորված էլեկտրաէներգետիկական համակարգում ձեւավորվել էր շուրջ 1.6 միլիարդ դրամ դրական արդյունք, որը հնարավորություն էր տալիս բոլոր սպառողների համար էլեկտրական էներգիայի սակագները նվազեցնել 0.37 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ավելացված արժեքի հարկը) կամ միայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։
Հաշվի առնելով սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրական էներգիայի սակագների էական նվազեցման հանգամանքը, ինչպես նաեւ նշված հարցը քննարկելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության հետ, համակարգում ձեւավորված ընդհանուր դրական արդյունքն ուղղվեց միայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների նվազմանը՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որն ուժի մեջ մտավ 2019 թվականի փետրվարի 1-ից։