Տավուշի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Իջևանում կողոպուտ կատարողին
Տավուշի մարզում, այսօր՝ ապրիլի 6-ին, ոստիկանության աշխատակիցները ոստիկանության Իջեւանի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի բնակիչ, 25-ամյա Սուրեն Ա.-ին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս կասկածվում է երեկ՝ ապրիլի 5-ին, Իջեւան քաղաքում կողոպուտ կատարելու մեջ: Այդ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Իջեւանի բնակիչ, 38-ամյա Նոյեմզար Գ.-ն ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է տվել, որ նույն օրը՝ ժամը 17:15-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Անկախության փողոցում անհայտ անձը իր ձեռքից քաշել եւ բացահայտ հափշտակել է դրամապանակը:
Նոյեմզար Գ.-ի տուն մեկնած ոստիկաններին նա հայտնել է, որ դրամապանակի մեջ եղել է 1 հատ ոսկյա մատանի, 510 հազ. դրամ, բանկային եւ առեւտրի կենտրոնների զեղչի քարտեր: Հափշտակողը դիմել է փախուստի, իսկ Նոյեմզարին պատճառվել է մոտ 700 հազ. դրամի վնաս:
Կողոպուտը կատարելու կասկածանքով բերման ենթարկված Սուրեն Ա.-ն ոչ միայն խոստովանել է կատարվածը, այլեւ նրա մոտ հայտնաբերվել է տուժածի հափշտակված իրերի մի մասը: Սուրեն Ա.-ն ձերբակալվել է: Աղբյուրի տեղեկություններով, տուժածն աշխատում է Իջեւանի սոցիալական ապահովության տարածքային բաժնում: