Մենք ձախողել ենք Ցեղասպանության ոճրագործության ճանաչման գործում. ԱԳ նախարար
մենք ձախողել ենք այդ ոճրագործության ճանաչման գործում. մենք ձախողել ենք ճանաչել սերունդներին հասցված այն վնասը, երբ արդարությունը ժխտվում է: Այս մասին ռուանդական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհաբ Մնացականյանը:
Հարցին, թե որքա՞ն էր Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, ոմանք նշում են 1․5 միլիոն, մյուսները՝ 800 հազարից մինչեւ 1,8 միլիոն, ԱԳ նախարարը պատասխանել է.
«1915թ․ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը սկսվել է ըստ նախապես մշակված ծրագրի, որի նպատակն ամբողջ ժողովրդի ոչնչացնումն էր՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ: Եվ հենց այս իրադարձություններն էին, որոնք ընկած են իրավաբանների եւ գիտնականների, մասնավորապես՝ ցեղասպանության մասին կոնվենցիայի հիմնադիր եւ հեղինակ Ռաֆայել Լեմկինի հետազոտությունների հիմքում, ով իր ամբողջ կարիերան նվիրեց այս երեւույթի ուսումնասիրությանը՝ փորձելով հասկանալ, թե ինչու են տեղի ունենում նման երեւույթներ։
Հետագայում նա հեղինակեց ցեղասպանության եզրույթը եւ իրավական ուժ հաղորդեց դրան։ Միջազգային հանրությունը ընդունեց ցեղասպանության մասին կոնվենցիան 1948 թվականին, որի հիմնական աղբյուրը կազմում էր Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրությունը։
Գիտեք ինչն է ամենաանհանգստացնողը․ դրանք մի քանիսն են: Առաջինը, մենք ձախողել ենք այդ ոճրագործության ճանաչման գործում։ Մենք ձախողել ենք ճանաչել սերունդներին հասցված այն վնասը, երբ արդարությունը ժխտվում է։ Այժմ հինգերորդ սերունդն է, որ հանդիսանում են ցեղասպանություն վերապրածներ կամ դրանց հետնորդներ։ Մենք գիտենք ցեղասպանության աղետի խորությունը: Դա տեղի է ունեցել հայերի հետ, որին հետեւել են Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը»:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով, ամեն անգամ մենք՝ միջազգային հանրությունը, բարձրաձայնում ենք «այլեւս երբեք», սակայն դա բավարար չէ: «Ինքներս մեզ հարց ենք տալիս՝ արդյոք ցուցաբերում ենք ծանրակշիռ մոտեցում, արդյոք դա բավարար է, արդյոք մենք բավարար ուշադրություն ենք դարձնում ցեղասպան հակվածությունների նախանշաններին, որոնք կարող են կանխորոշվել առավել վաղ փուլում։ Արդյոք մենք կիրառում ենք վաղ արձագանքում՝ կանխարգելելու համար, թե թույլ ենք տվել, որ այն հանգեցնի աղետի։
Դրանք շատ կարեւոր եւ դժվարին դասեր են եղել մեզ համար: Մենք հավատում ենք, որ բոլոր նախանշանները տեսանելի են: Ազգերը, նախեւառաջ պետությունները միջազգային հանրությունը պարտավոր է հավաքական կերպով արձագանքել նախանշաններին եւ երբեք թույլ չտալ, որպեսզի դրանք հասնեն մի կետի, երբ փլուզվում է ողջ համակարգը: Մինչ օրս մենք՝ հայերս, բախվում ենք Ցեղասպանության հերքմանը:
Բայց մենք մեզ համարում ենք հաղթողներ, քանի որ մենք պետք է բնաջնջված լինեինք երկրի երեսից: Բայց այսօր մենք ինքնավստահ ժողովուրդ ենք՝ հզոր եւ հպարտ իր ինքնությամբ, պատմությամբ, քաղաքակրթութամբ, որը բարգավաճող համայնքներ ունի աշխարհի տարբեր ծայրերում, ունի ազգային պետություն, երկիր: Եվ սա է մեր պատասխանը նրան, ինչը կոչված էր իսպառ բնաջնջելու մեզ: Մյուս կարեւոր հարցն այն է, որ ժխտված ցեղասպանությունը, ցեղասպանության ճանաչման ժխտումը, ժխտողականությունը շատ ցավալի է, որը հետապնդում է սերունդների»: