Համացանցում բեռնված ապօրինի որսի լուսանկարների հետքերով․ ոստիկանության բացահայտումը
Ապրիլի 4-ին ոստիկանության Տաշիրի բաժնում նյութեր էին նախապատրաստվել սոցիալական ցանցում մի օգտատիրոջ հրապարակած լուսանկարների վերաբերյալ։ 2018թ. փետրվարին օգտատերը համացանց էր բեռնել իր ձեռքերում տափաստանային ճուռակ թռչունով լուսանկար, ինչի որսը թույլատրված չէ: Բացի այդ, 2014 թ․ այդ անձի հրապարակված լուսանկարներից մեկում քարակզաքիս էր երևում, որը նույնպես որսատեսակ չէ և նրա որսի համար թույլտվություն սահմանված չէ:
Նույն օգտատիրոջ բաց համացանցային տիրույթում առկա էին նաև ճքճքան մրտիմի, սպանված աղվեսների, գայլերի, ձկնատեսակների լուսանկարներ:
Ապրիլի 5-ին, ոստիկանության ծառայողները պարզել են, որ օգտատերը Նորաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Արմեն Խ․-ն է, որը հրավիրվել է բաժին, տվել համապատասխան բացատրություն, որ հանգուցյալ պապին պատկանող մեկփողանի որսորդական հրացանով կատարել է որս։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմեն Խ․-ն ոստիկաններին է ներկայացրել «ԻԺ» տեսակի մեկփողանի ողորկափող հրացանը։ Հրացանը փաթեթավորվել և կնքվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն։