ՊՎԾ պաշտոնյայի կալանքը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ
Պետական վերահսկողական ծառայության կալանավորված պաշտոնյաներից մեկի՝ գնումների գործընթացի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ որոշումն ընդունվել է մի քանի ռիսկերի նվազման արդյունքում:
«Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու և քննությունից խուսափելու ռիսկերի նվազման նկատառումներով»:
Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության ձերբակալված պաշտոնյաներն էին ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը:
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ մի քանի բժշկական կենտրոններում գնումների գործընթացում Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից հնարավոր միջամտություն նկատելու կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայությանն էր դիմել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ իր դիմումը վերաբերում է բուժհաստատություններին դիալիզի սարքեր մատակարարող ընկերությունների մրցույթին, մասնավորապես՝ «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարի բարձրաձայնած խնդրին։
Բուժհիմնարկներին դիալիզի սարքեր մատակարարող «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարել էր, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զորաշեն» ընկերությունը, որը, ըստ տեղեկությունների, վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ է կապված: