Բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր են բացահայտվել. Կասկածյալը վերջերս է համաներմամբ ազատ արձակվել
Կենտրոն վարչական տարածքում բնակարանային գողության եւ գողության փորձի դեպքեր էին կատարվել: Մարտի 11-ին փորձել էին բացել Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկի բնակարանի դուռը, որը, սակայն, ինչ-ինչ հանգամանքերից ելնելով, չէր հաջողվել: Օրեր անց` մարտի 18-ի երեկոյան, Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանից բջջային հեռախոս էին հափշտակել:
Երկու դեպքով էլ ոստիկանության Կենտրոնական բաժնում, օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգեր ստացվեցին: Բացահայտման աշխատանքներին միացան նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզները, եւ հետեւողական աշխատանքը դրական արդյունք տվեց:
Շուտով տեղեկություններ ստացվեցին, որ նշված հանցագործությունները հնարավոր է կատարած լինի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ Մխիթար Մ.-ն:
Ստացված տեղեկություններն իրացնելով, մարտի 29-ին, Երեւանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկից կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նշենք, որ Մխիթարը համաներմամբ վերջերս է ազատվել քրեակատարողական հիմնարկից:
Կասկածյալը ձերբակալված է:
Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: