Բաթումում զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել
Բաթումում հայտնաբերել են զանգվածային գերեզմանոց, որը ռազմաբազայից քիչ հեռու է գտնվում` օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավարության վրա: Այս մասին նշված է Բաթումի և Լազեթի թեմի ֆեյսբուքյան էջում:
Նույն աղբյուրի հաղորդմամբ` տարածքը, որտեղ հայտնաբերվել է զանգվածային գերեզմանոցը, Վրաստանի ՊՆ-ն ժամանակավորապես տվել էր թեմին: Խոսքը վերաբերում է չորս գերեզմանի, որում թաղված է շուրջ 150 մարդ:
Նշվում է, որ գերեզմաններում գտնվում են 1937-1938թթ. ստալինյան բռնաճնշումների ենթարկված, գնդակահարված անձանց աճյունները: Մինչ այդ, փորձագետները չեն բացառել, որ աճյունները կարող են պատկանել թուրք զինվորների:
Հաղորդվում է, որ աճյունները գերեզմանոցում են դասավորված «անկարգ և անհարգալից եղանակով»: Թեմը հայտարարել է, որ ապրիլի 21-ին աճյունամասերը վերաթաղվելու են №3 ռազմաբազայի տարածքում:
Բաթումի և Լազեթի թեմը հրապարակելու է նաև 698 մարդուց բաղկացած ցուցակ, որոնք բռնաճնշումների են ենթարկվել Բաթումում 1937-1938թթ.: