Երևանը՝ եվրոպական ֆուտբոլի կենտրոն. քաղաքապետն ու ՀՖՖ նախագահը տվեցին UEFA-U19-ի հետհաշվարկի մեկնարկը (տեսանյութ)
Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունից 100 օր առաջ
Հյուսիսային պողոտայում՝ նորաբաց Եվրոպայի հրապարակում, տրվել է
խորհրդանշական ժամացույցի հետհաշվարկի հանդիսավոր մեկնարկը: Այն ազդարարել
են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:
Հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների
ուժեղագույն հավաքականները: Տարիքային այս խմբի՝ աշխարհամասի գլխավոր
տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն Պորտուգալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի,
Իտալիայի, Չեխիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի հավաքականները: Նրանց, որպես
կազմակերպիչ երկիր, կմիանա Հայաստանի ընտրանին:
Կարևորելով մայրաքաղաքում նման կարգի մրցաշարի անցկացումը՝ Հայկ Մարությանը
նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին կանի հնարավորը, որպեսզի
մրցաշարն անցնի հավուր պատշաճի:
«Սա մեր երկրի պատմության մեջ երևի թե խոշորագույն
սպորտային միջոցառումն է լինելու: Երևանն ու Հայաստանը հուլիս ամսվա
ընթացքում դառնալու են իսկապես Եվրոպայի կենտրոնը: Երևանը պատրաստ է
ընդունելու մասնակիցներին և զբոսաշրջիկներին»,- նշել է քաղաքապետը:
Քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը գնդակներ են նվիրել միջոցառման մասնակիցներին ու անցորդներին: