Պետք է մեր մարզչին քննադատելու փոխարեն ոգեշնչենք և օգնենք. Արթուր Վանեցյան
ԱԱԾ տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ապրիլի 5-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք նախատեսում են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություն կատարել: Նա պատասխանեց, որ այս պահին մարզչի փոփոխություն ֆեդերացիան չի նախատեսում, որովհետև մարզիչը նշանակվել է ոչ վաղ անցյալում, և այս պահին իր աշխատանքներով դեռ չի կարող ասել, որ ունենք 100 տոկոսանոց թերացում:
«Հակառակը, եթե նայում ենք պրոֆեսիոնալ աչքերով, ունենք բավական դրական տեղաշարժ, և կարծում եմ, որ պետք է մեր մարզչին քննադատելու փոխարեն ոգեշնչենք և օգնենք, տանք հնարավորություն՝ մեր հավաքականը բերել այն մակարդակի, որ ունենանք հաղթանակներ, իսկ դրանք ֆուտբոլում ամենակարևորն են: Մենք տեսնում ենք լավ խաղ, բայց եթե արդյունքը լինում է պարտություն, մենք չենք կարող բավարարված լինել այդ արդյունքից»,- ասաց նա:
Վանեցյանը նաև նշեց՝ ինքն այն համոզմունքին է, որ անգամ ամենալավ, հայտնի, տաղանդավոր մարզիչը պետք է ունենա ֆուտբոլիստների լավ բազա, որ կարողանա լավ թիմ հավաքել: