Տեսականորեն ռիսկ կա, որ տնտեսվարող սուբյեկտները գինը համապատասխան կբարձրացնեն. ֆինանսների փոխնախարար
Գազալցակայանների հաշվիչ սարքերի չափման միավորը խորանարդ մետրից կիլոգրամ կդառնա: Համապատասխան նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել և հավանության է արժանացել ու դրական եզրակացությամբ ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում 700 հազար սպառող սեղմված գազ է օգտագործում: Նրա խոսքով՝ տեսականորեն ռիսկ կա, որ տնտեսվարող սուբյեկտները գինը համապատասխան կբարձրացնեն, որ պահպանեն գերշահույթները, բայց պատկան մարմինները հետևողական կլինեն, որ դաշտում չլինեն գերիշխող դիրքի չարաշահումներ և հետևաբար` թելադրված գներ:
«Հայտնի է, որ լցակայաններում արտաքին ազդեցությամբ՝ ջերմաստիճանի և ճնշման միջոցով, գազի ծավալը հեշտությամբ փոփոխության է ենթարկվում: Այսպես գազի թերակշռման ռիսկեր են առաջանում»,- ասել է փոխնախարարը:
Արման Պողոսյանի խոսքով՝ գազալցակայաններում ներկայումս սեղմված գազի հաշվառումը կատարվում է խ/մ-ով, բայց եթե անցում կատարվի ավելի վերահսկելի չափման միավորի՝ կգ-ի, նման ռիսկերը կչեզոքացվեն: Նա նաև հայտարարել է, որ հետևելու են, որ սեղմված գազի շուկայում չլինեն թելադրված գներ: