Երբեք կուսակցական չեմ եղել, տապակված եմ «Սպայկա»-ի խնդիրներով. Դավիթ Ղազարյան
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի պատճառով Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է ֆինանսավորումը, որով նախատեսել էին 100 մլն դոլարի ներդրում անել և 1000 աշխատատեղ ստեղծել:
Նրա խոսքերով՝ իրենց աշխատանքը պարալիզացված է: Դավիթ Ղազարյանը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքն ու վստահեցրել, որ իր ընկերությունը պետությանը 7 միլիարդ դրամի վնաս չի պատճառել:
«Ես երեկ անակնկալի եկա, երբ հարգարժան քննիչի մոտ տեսա մեծ պահարան՝ բաղկացած 150 մեծ թղթապանակից: Հարցնում եմ՝ բա ինչո՞ւ մինչև հիմա չէիք ասում, արդյո՞ք հարցում արել էիք, կանչել էիք: Կարող է՝ մենք համաձայն էինք այդ ամենը վճարել: Չենք փախել, միշտ ձեր կողքն ենք եղել: Ի՞նչ է նշանակում միջնորդություն կալանքի վերաբերյալ»,- ասաց նա:
Ղազարյանը նշեց, որ երբեք քաղաքականությամբ չի հետաքրքրվել, չի օգնել ոչ մի քաղաքական գործչի, չի եղել կուսակցական:
«Ես բիզնեսմեն եմ, տապակված եմ «Սպայկա»-ի խնդիրներով»,- ասաց նա:
Հիշեցնենք` «Սպայկա» ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել:
Ավելի վաղ հայտնել էինք` «Սպայկա»-ի տնօրենը ձերբակալվել է: