Վթար Շիրակի փողոցում. տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է
Ապրիլի 4-ին՝ ժամը 22:32-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահվերդյան փողոցից դեպի շուկա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում բախվել են «Nissan Tiida» մակնիշի (վարորդ՝ Է.Պ., ծնված 1981 թ.), «Kia Forte» մակնիշի (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1992 թ.) և «Mercedes E124» մակնիշի (վարորդ՝ Վ.Խ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից. վերջինիս փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Է.Պ.-ն և Վ.Ա.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան: