Ջրատարով փողից բացի ոչինչ չի հոսել... վերագործարկվեց «Արփա-Սևան» ջրատարը (լուսանկար)
Երեկ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ վերագործարկեց «Արփա- Սևան» թունելը։ Այս մասին իր անձնական էջից տեղեկացնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ խոսքը սկսելով «Լավ լուր…» արդեն թևավոր դարձած խորագրով: «Արդեն այսօր առավոտյան Կեչուտի ջրամբարի ջուրը հասավ Սևանա լիճ»,-գրում է նա:
Operativ.am-ի հետ զրույցում Գնել Սանոսյանը պարզաբանեց.
««Արփա-Սևան» թունելը, որը սկսվում է Կեչուտի ջրամբարից, 2011 թվականից վերանորոգվում էր և այս տարիներին պարբերաբար շահագործման ժամկետները երկարաձգվել են»:
Մարզպետի դիտարկմամբ՝ քիչ քանակությամբ ջուր, իհարկե, տեղափոխվել է, սակայն ջրատարը իր ամբողջական գործառույթը չի իրականացրել: Իսկ ահա երեկվանից վերագործարկվել է.
«Այս տարի Սևանա լիճ կտեղափոխվի մինչև 180մլն մ³ ջուր»,- ոգևորությունն է հայտնում մարզպետը:
Operativ.am-ը պարզեց, որ «Արփա Սևան» թունելի վերանորոգման ու ամրացման աշխատանքները պետք է ավարտված լինեին դեռևս 2017թ–ին:
Ջրային կոմիտեի արդեն նախկին նախագահ Արսեն Հարությունյանն այն ժամանակ լրագրողներին հայտնել էր, որ շինարարությունը կավարտվի 2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:
Պաշտոնական տվյալներով՝ ջրատարը տարեկան շուրջ 100 մլն խորանարդ մետր ջուր է մատակարարել Սևանին։ Սակայն Էներգետիկ փորձագետները կարծում են, որ թունելն իրականում չի աշխատել և 11 տարի իր նպատակին չի ծառայել: Ու սա այն դեպքում, երբ «Արփա–Սևանի» վերանորոգման համար 2 անգամ խոշոր վարկ է հատկացվել... մեկ է՝ փողերից բացի, ջրատարով ոչինչ չի հոսել:
«Արփա-Սևան» թունելի վերականգնումը սկսվել է 2010 թվականի սեպտեմբերին: Շինարարական աշխատանքներն իրականացնում է հենց «Արփա-Սևան» ընկերությունը: Թունելի վերանորոգման համար ընդհանուր առմամբ մոտ 30 մլն ԱՄՆ դոլար է հատկացվել:
Հիշեցնենք` «Արփա–Սևան» ջրատարը կառուցվել է 1963-1981 թվականներին։ 48.3 կմ երկարությամբ թունելը կոչված է Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լիճ ուղղել Արփա և Եղեգիս գետերի հոսքերի մի մասը` տարեկան 250-450 միլիոն մ³ ջուր:
Նախագծի նպատակը Սևանա լճի մակարդակի բարձրացումն ու էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն էր։
Արաքսյա Սնխչյան