Ճանաչում ենք, հիշում ենք. Նիկոլ Փաշինյանը՝ լոլիկի հարավամերիկյան ցեցի մասին
Կառավարությունն ապրիլի 4-ի նիստում որոշում կայացրեց Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին: Նախագծում նշվում է, որ ծրագրի նպատակն է.
1) լոլիկի մեծածավալ արտադրությամբ զբաղվող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափ և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներում 10 հեկտար տարածքի վրա իրականացնել ցեցի դեմ պայքարի համալիր (ագրոտեխնիկական, մեխանիկական, կենսաբանական և քիմիական) միջոցառումների կիրառման նոր առաջարկների փորձարկման և դրանց արդյունավետության գնահատում.
2) ցեցի դեմ պայքարի միջոցառումների կատարման ժամկետների որոշում և այդ մասին հողօգտագործողներին օպերատիվ տեղեկատվության ապահովում, առավել արդյունավետ պեստիցիդների տեսակների ու օգտագործման չափաքանակների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.
3) ցեցի կենսակերպի, տարածվածության և վնասակարության վերաբերյալ հողօգտագործողների իրազեկվածության բարձրացում:
Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝
1) Ծրագրի իրականացման տեղի (այսուհետ՝ փորձադաշտ) և պայքարի միջոցառումների հերթագայության մեխանիզմի հստակեցում,
2) Ծրագրի արդյունքների վերաբերյալ հողօգտագործողների լայն շրջանակների համար տեղեկատվության հասանելիության ապահովման և խորհրդատվության տրամադրման մեխանիզմների հստակեցում,
3) Ծրագրի մոնիթորինգի իրականացման մեխանիզմի առաջադրում,
4) Ծրագրի ռիսկերի գնահատում:
Ծրագրի իրականացման ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է: Այն իրականացնելու համար անհրաժեշտ է 11,102,880 դրամ, ներառյալ բոլոր հարկերը և տուրքերը:
Հարցի զեկուցող, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանը ծրագրի ներկայացումից առաջ նշեց.
«Սա այն վնասատուն է, որն անցյալ տարի լոլիկի ….»:
«Ճանաչում ենք, հիշում ենք»,- արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: