Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրում հայ փախստականների հարցը վճռորոշ նշանակություն ունի. ՀԿ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրում հայ փախստականների հարցը վճռորոշ նշանակություն ունի: Ապրիլի 3-ին «Միջազգային իրավունքի տեսակետից Արցախի Հանրապետության կազմավորման օրինականությունը (լեգիտիմությունը)» թեմայով գիտագործնական գիտաժողովի ժամանակ հայտարարեց Ադրբեջանի հայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:
Նրա խոսքով՝ սա ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրում ամենաթույլ արծարծված թեման է: «Ադրբեջանի հայերի հարցը մնում է բանակցությունների ձեւաչափից դուրս: Եթե Ադրբեջանում հայերը տիտղոսակիր ազգ էին՝ կազմելով ամբողջ բնակչության 12 տոկոսը, ապա ադրբեջանցիները Հայաստանում ազգային փոքրամասնություն էին: Սա հաստատվում է ԽՍՀՄ պաշտոնական փաստաթղթերով»,- նշեց նա:
Գրիգորի Այվազյանը հավելեց, որ հայերի համար ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ, ինչպես փորձում է ներկայացնել Ադրբեջանը: «Հայերի համար դա գոյատեւման պատերազմ է»,- պարզաբանեց նա՝ հիշեցնելով Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքվում հայերի բնաջնջման մասին: