Թուրքմենստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել
Մարտի 31-ին Թուրքմենստանում խորհրդարանական և ավագանու ընտրություններ են անցկացվել: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրություններին մասնակցությունը կազմել է շուրջ 91%:
«Настоящее время» պարբերականի փոխանցմամբ՝ այս ցուցանիշը համարվում է ցածր, քանի որ 2017թ. նախագահական ընտրությունների ժամանակ մասնակցությունը գերազանցել էր 97%-ը, և ձայների ճնշող մեծամասնությամբ երրորդ անգամ նախագահ էր ընտրվել Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը:
Երեկ կայացած ընտրությունների վերաբերյալ Թուրքմենստանի իշխանությունները որևէ տվյալ չեն հաղորդում: ԿԸՀ-ն խոստացել է ընտրությունների արդյունքները հրապարակել մոտ ապագայում:
Թուրքմենստանում ընտրությունների մոնիթորինգով զբաղվել են միայն տեղացի դիտորդները: ԿԸՀ-ն հաղորդում է, որ դիտորդների գնահատմամբ ընտրություններն անցել են «ժողովրդավարական հիմունքներով և համապատասխանել են երկրում գործող օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին»: