Մենք հավաքվել ենք հերթական անգամ փաստելու, որ «Ժառանգությունը» մեկ հոգու կուսակցություն չէ․ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգության» կնիքն ամենուր է՝ կյանքում, հասարակությունում, քաղաքացիական պայքարում, նույնիսկ ուրիշների խոսքի, պահվածքի և շարժուձևի մեջ։ Այս մասին ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» այսօրվա համագումարում։ Նրա խոսքով՝ մեծ գործի համար իրենց կաթիլն ուրիշների համար ծառայության ճանապարհ է հարթել, և այդտեղ է հպարտությունը, արժանապատվությունն ու բուն ժառանգությունը։
«Մենք հավաքվել ենք հերթական անգամ փաստելու, որ «Ժառանգությունը» մեկ հոգու կուսակցություն չէ, մեկ հիմնադրի գլուխգործոց չէ, այլ մի ողջ ժողովրդի և իր սերունդների պահանջը՝ ծնունդ տալու մի նոր մտածողության, գաղափարախոսության, կենսաձևի, որն ազգային շահը և մարդու իրավունքն ավելի բարձր է դնում, քան սեփական շահը։ Ի սկզբանե Ձեր նվիրումը եղել է արմատական, ծայրահեղ, ձեր հավատամքը՝ աննահանջ, ձեր սերն՝ անսահման, ձեր տեսակն՝ աննման, որովհետև ամենադժվարին պայմաներում առանց որևէ ցուցադրականության, դուք որպես ժողովրդի մասնիկ, պայքարել ենք հայ մարու իրավունքի, քաղբատարկյալների բացառման, Մարտ 1-ի ճշմարտության, Ապրիլյան պատերազմի հաղթանակի համար»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում։