Հայրենադարձության հետ կապված մաքսային կարգավորումները փոփոխության փուլում են. Ռուստամ Բադասյան
Մաքսային կարգավորման գործող օրենքի 249-րդ հոդվածով նշվում է, որ մշտական բնակության հաստատության գալու համար անհրաժեշտ է, որ տվյալ անձը նախորդող 5 տարիների ընթացքում մշտապես բնակված չլինի ՀՀ-ում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը:
Միևնույն ժամանակ, նա նաև ասել է, որ նշված 5 տարիների ընթացքում անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր տարվա առնվազն կեսը բացակայած լինի Հայաստանից: Նա հայտարարել է, որ առաջիկայում այս կարգավորումը փոփոխության է ենթարկվելու:
«Մենք հիմա փոխում ենք կարգավորումը: Սահմանում ենք 731 օր՝ նախորդող պահից, ընդ որում, դիտարկում ենք ոչ թե օրացուցային տարով, այլ փաստացի 731 օր հետ ենք գնում և դիտարկվող յուրաքանչյուր 365 օրվա ընթացքում, եթե 184 օր և ավելի տվյալ անձը ՀՀ-ից բացակայելու է և Հայաստանում մշտական բնակություն չի ունեցել, կհամարվի, որ գալիս է մշտական բնակության և հնարավորություն կունենա առանց մաքսերի ու հարկերի ներմուծել իր անձնական օգտագործման գույքը»,- մանրամասնել է նա: