Ուժի մեջ է մտել ԵՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին համաձայնագիրը
Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել, նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարներն այն ստորագրել են 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում: Համաձայնագրի հիմնական խնդիրն է միության ամբողջ տարածքում մակնշման գործընթացների միասնականացումը: Համաձայնագրում ամրագրված նորմերը թույլ կտան ուժեղացնել ԵՏՄ-ում ապրանքաշրջանառությունը՝ դրանով նվազեցնելով ստվերային շրջանառությունը: Իսկ սպառողները երաշխիքներ կստանան, որ օրինական ապրանք են ձեռք բերում: Մակնշման համակարգի ներդրումը կարող է նպաստել նաեւ ապրանքային հոսքի թվայնացմանը եւ հետեւելու համակարգի ստեղծմանը:
«Այս փաստաթուղթը շրջանակային բնույթ ունի, ինչը թույլ է տալիս մակնշման օգտագործման վերաբերյալ ճկուն որոշումներ ընդունել ոչ թե ապրանքների նեղ ցանկի, այլ արտադրանքի ընդլայնված սպեկտրի վերաբերյալ»,- մեկնաբանել է ԵՏՀ առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:
Երկրների միմյանց հետ տեղեկատվական փոխգործակցությունը հնարավոր կլինի ԵՏՀ ինտեգրացիոն տեղեկատվական համակարգի միջոցով: Նախքան ամբողջ տարածքում մակնշումը մտցնելը պետությունը պետք է այս կամ այն ապրանքի վերաբերյալ առաջարկ ներկայացնի միության բոլոր երկրների քննարկմանը: ԵՏՀ-ն 3 ամսում որոշում է ընդունում եւ որոշում նոր ապրանքի մակնշում մտցնելու տեխնիկական ու ընթացակարգային փուլերը:
Եթե որոշումը կոնսենսուսով չի ընդունվում, ապա 2 եւ ավելի երկրներ կարող են մակնշումը մտցնել իրենց տարածքում՝ ազգային օրենսդրության համաձայն, բայց օգտագործելով համաձայնագրում ամրագրված ընդհանուր սկզբունքները: Մնացյալ երկրները կարող են միանալ պատրաստ լինելուն զուգահեռ, պարզաբանվում է հաղորդագրության մեջ: