Կոնստանտին Օրբելյանը հարգված է, բայց լիազորությունները դադարեցված են. մշակույթի նախարարության պարզաբանումը
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանը հաստատել է, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին ազատել է աշխատանքից:
«Պարոն Օրբելյանի աշխատանքային լիազորությունները դադարեցրել ենք, քանի որ ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասը գործատուին, տվյալ դեպքում՝ նախարարին, թույլ է տալիս, որ ինչպես նշանակել, այդպես էլ ազատել, կամ լիազորությունները դադարեցվում են, եթե օրենքի խախտմամբ է տնօրենը նշանակվել:
Պարոն Օրբելյանին, մի քանի անգամ ե՛ւ գրավոր ե՛ւ բանավոր նշել ենք, որ կա օրենքի խախտում, այն է` ինքը տնօրեն լինելով հանդերձ, միաժամանակ զբաղեցնում է այլ պաշտոն` գեղարվեստական ղեկավարինը եւ կատարում վճարովի աշխատանք:
Օրենսդրությունը հստակ սահմանում է, որ բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից, տնօրենները այլ պաշտոն կամ վճարովի աշխատանք կատարելու իրավունք չունեն, այս պատճառով մենք մի քանի անգամ գրավոր դիմել ենք, նշել ենք` կամ տնօրենի պաշտոնից հրաժարվեք կամ գեղարվեստական ղեկավարի:
Պարոն Օրբելյանը գրավոր մեզ բացասական պատասխան է տվել, որ չի հրաժարվում կատարել նախարարի հանձնարարականը եւ չի պատրաստվում հրաժարվել ոչ տնօրենի, ոչ գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Այդ պատճառով լիազոր մարմնի ղեկավարը` նախարարը դադարեցրել է նրա` որպես տնօրեն, լիազորությունները»,- հայտնել է Անուշ Ղազարյանը: