Վրաստանում ապօրինի եկամտի մեծ մասը կապված է բանկային խարդախությունների հետ. Պետքարտուղարություն
ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային ռազմավարության զեկույցում Վրաստանը նշված է այն երկրների ցանկում, որտեղ փողերի լվացում է տեղի ունեցել:
«Վրաստանի ապօրինի եկամտի հիմնական մասն առնչվում է բանկային խարդախությանը, կիբերհանցագործությանը, ֆինանսական միջոցների յուրացմանը: Չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը թմրամիջոցներին առնչվող դեպքերի կապակցությամբ սկսել է ֆինանսական հետաքննություն, այդուամենայնիվ քիչ են ապացույցները` պնդելու, որ թմրանյութերի իրացումից ստացված ապօրինի եկամուտների զգալի մասի լվացումը տեղի է ունենում պաշտոնական ֆինանսական համակարգի միջոցով:
Սակայն, քանի որ Վրաստանը գտնվում է մաքսանենգության համար նշանակալից և լավ ձևավորված միջանցքում, ամենայն հավանականությամբ տեղի է ունենում կանխիկ գումարների մաքսանենգություն և փողերի լվացում: Ռուսաստանի կողմից բռնազավթված Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքները Վրաստանի վերահսկողությունից դուրս են և մոնիթորինգի ենթակա չեն»,- ասված է զեկույցում:
Փաստաթուղթը Վրաստանի դատախազությանն ու իրավապահ մարմիններին կոչ է անում ավելի մեծ ուշադրություն դարձնել կազմակերպված հանցավորության և փողերի լվացման միջև կապի հայտնաբերմանը:
«Վրաստանի իրավապահ մարմինները պետք է մշակեն մարտավարական մոտեցում՝ համապատասխան կազմակերպությունների միջև տեղեկատվության փոխանակման համար, միավորեն առձեռն ունեցած տեղեկատվությունն ու միջոցները ֆինանսական հանցագործության դեմ պայքարում: Վրաստանը նաև պետք է քայլեր ձեռնարկի՝ խաղային ոլորտը վերահսկելու համար»,- ասված է Պետդեպարտամենտի զեկույցում: