«Սահմանադրությունը փոխելու գլխավոր փաստարկը հեղափոխությունն է». Հայրիկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
«Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե իրեն փաստարկ չի ներկայացվել՝ սահմանադրական փոփոխություն կատարելու վերաբերյալ: Եթե «հեղափոխություն» բառն օգտագործող մարդը չի հասկանում, որ հեղափոխությունն ինքնին մեծագույն փաստարկ է, պետք է այդ մարդուն խղճաս, փորձես ամեն կերպ օգնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Տղա՛ ջան, Սահմանադրությունը փոխելու գլխավոր փաստարկը հեղափոխությունն է: Այն, որ դու ասում ես՝ ես հեղափոխություն եմ արել, դա արդեն ենթադրել է տալիս, որ այն սահմանադրական իրավիճակը, որի դեմ հեղափոխություն ես արել՝ պետք է փոխվի: Հստակ ասված է եղել, որ այս սահմանադրությունը կարվում է Սերժ Սարգսյանի հագով: Մի՞թե դա փաստարկ չէ: Ավելին՝ Սահմանադրության քննարկման ժամանակ եղել է այլընտրանք, որը չի քննարկվել, հանցագործություն է կատարվել, դրա մասին մի՞թե տեղյակ չեք»,- հավելեց Պարույր Հայրիկյանը:
«1987թ. «Անկախություն» թերթի առաջին համարում ամփոփ գրված է եղել՝ մեր սերնդի գլխավոր առաքելությունն է՝ ցեղասպանության հետևանքների վերացումը: Տրված էր հիմնական բանաձևը, որի ուղղությամբ պետք է աշխատեին: Չեն արել, բայց այսօր էլ ուշ չէ: Ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է նաև բանակի հարցը: Ամենակարևորն էլ ժողովրդավարությունն է. բոլոր հարցերի հիմքում ընկած է ժողովրդավարությունը: Եթե քաղաքացիները երկրի տերն են, երկիրը կունենա ապագա»,- նշեց ԱԻՄ առաջնորդը: