Ճանապարհաշինության ոլորտում բում ենք գրանցելու. Տիգրան Ավինյան
ՀՀ կառավարություն իր այսօրվա՝ մարտի 29-ի նիստում որոշեց լուծարել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը:
Հարցը ներկայացրեց ՀՀ Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ այդ ՊՈԱԿ-ի գործառույթները պետք է իրականացվեն նախարարության միջոցով: Նրա խոսքով, այս որոշումը թույլ կտա որոշակի միջոցներ տնտեսել՝ ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի մասով: Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պետական բյուջեում կտնտեսվի Կազմակերպության վարչակազմի պահպանման համար տրամադրվող գումարը՝ 37.57 մլն դրամ: «ՊՈԱԿ-ը օպտիմիզացիայի է ենթարկվել, մասնավորապես, ղեկավար կազմի 75 տոկոսի կրճատում է տեղի ունեցել, վառելիքի ծախսի 55 տոկոսի, տրանսպորտային միջոցների ավելի քան 30 տոկոսի չափով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ՊՈԱԿ-ի աշխատողների ռեսուրսները ներգրավելու են նախարարության կազմում: Արշակյանը նշեց, որ այդ աշխատանքների համար նախարարությունն ունի հզոր լաբորատորիա, որը համալրվել է նոր ժամանակակից սարքավորումներով: Իր հերթին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց. «Ճանապարհաշինության ոլորտում մենք այնպիսի բում պետք է գրանցենք, որ նախարարության այդ լաբորատորիան պետպատվերից բացի ժամանակ չունենա որեւէ այլ բանի վրա ժամանակ ծախսելու»: