Այսօր ներկայացված զինատեսակների 99 տոկոսը մեծ քանակով կա զինված ուժերում․ շտաբի պետ
Զինված ուժերի հրամանատարության հավաքի մասնակիցներն այսօր այցելեցին «Բաղրամյան» զորավարժարան, որտեղ նրանց ցուցադրեցին բանակի նոր համալրումները՝ ինժեներական նոր կառույցները, ինժեներական և հատուկ տեխնիկան, ինչպես նաև սպառազինությունը՝ զինատեսակները, որոնց մեծ մասը հայկական արտադրության էին։
«Ցուցադրված նմուշների 99 տոկոսը զինված ուժերում կա բավականին մեծ քանակությամբ և օգտագործվում է», – այսօր «Բաղրամյան» զորավարժարանում ShantNews.am-ի հարցին պատասխանելիս ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։
Նրա խոսքով՝ կա նաև բարձրագույն սպայական կազմի համար ներկայացվող տեսականի, որի ցուցադրությունը փակ է, հասանելի չէ լրագրողներին։ Իսկ բաց ցուցադրությամբ ներկայացված տեսականու մասին խոսելիս շտաբի պետն ասաց, որ նմուշները բավական հաջող են, քանի որ դրանց գնահատականը տրվում է մի քանի մակարդակով ստուգումներից, փորձարկումներից, շահագործումից հետո։