ԱԱԾ-ն մտավ մետրոպոլիտեն. Հնարավոր է ձերբակալություններ լինեն
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս «Ժամանակ»-ը գրել էր, որ Երեւանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են առկա: Մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է
մեծ վնասներ՝ պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ:
Իսկ այդ ամենը հնարավոր է դարձել նաեւ մետրոպոլիտենի գնումները
համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, որը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ
Մաշադյանի աջ ձեռք համարվող, ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ
Էդիկ Գսպոյանի դուստրն է:
Մեզ հասած տեղեկություններով՝ մեր հրապարակումից հետո ԱԱԾ մոտ երկու
տասնյակ աշխատակիցներ մտել են մետրոպոլիտեն, մեծածավալ ստուգումներ
իրականացրել, դռներ կնքել:
Չի բացառվում, որ այս ստուգումների արդյունքում ձերբակալություններ
լինեն՝ ի դեմս ՊԵԿ պաշտոնյայի դստեր եւ ազատումներ՝ հանձին մետրոպոլիտենի
տնօրեն Փայլակ Յայլոյանի: Նշենք, որ մեր հրապարակումից հետո խնդրով
զբաղվում է նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժինը»: