Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է հանդես գալ Կատարի դրոշի ներքո
Օրերս հայկական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Ռիո-2016»-ի օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հրավերք է ստացել Կատարի Օլիմպիական կոմիտեյից՝ այս երկրի դրոշի ներքո հանդես գալու վերաբերյալ:
«Արթուրը հրավերքներ է ստացել ոչ միայն Կատարից: 2012 թվականին Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո նա բազմաթիվ հրավերքներ է ստացել աշխարհի տարբեր երկրներից: Բայց մենք ուզում ենք հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո»,- հարցազրույցի ժամանակ նշել է Արթուրի հայրն ու անձնական մարզիչը` Գևորգ Ալեքսանյանը:
Մարզիչը նաև նշել է, որ ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը Արթուրը հանդես չի գա: Նա վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից և պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որը կարևոր է նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճելու համար: