Կողոպտել են Վրաստնանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կոբուլիայի տունը
Անհայտ անձինք կողոպտել են Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիայի Թբիլիսիի մերձակայքում գտնվող տունը: Այս մասին հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ հանցագործները մի քանի օր առաջ ներխուժել են էլիտար Ցխնեթի թաղամասում նախարաի տունը եւ «բավականին արժեքավոր իրեր» գողացել:
Վրաստանի ՆԳՆ-ում գողության փաստը ոչ հաստատում են, ոչ հերքում: Կոբուլիայի հարեւանները լրագրողներին հայտնել են, որ կատարվածի կապակցությամբ նրանց հարցաքննել են ոստիկանները:
«Ես իմացա, որ կողոպտել են, բայց ում եւ երբ՝ չգիտեմ... չգիտեմ ինչ են գողացել, բայց շատ բան են տարել, դա շատ հարուստ տուն է», — ասել է Ցխնեթիի բնակիչներից մեկը՝ նշելով, որ չգիտի, թե ում է պատկանում տունը, որտեղ գողություն է կատարվել, սակայն նախկինում տան շրջակայքում հսկողություն իրականացնող ոստիկանների է նկատել:
Կոբուլիան հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը: «Ես չեմ պատասխանի ձեր հարցին, որովհետեւ դա վերաբերում է իմ անձնական կյանքին», - ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարը, հաղորդում է «Նովոստի-Վրաստան»-ը:
Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ Թբիլիսիում կողոպտել էին խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Արչիլ Թալաքվաձեի բնակարանը: Պատգամավորի տնից գողացել էին սեյֆը, որտեղ կանխիկ գումար եւ Թալաքվաձեի անունով գրանցված ատրճանակ էր պահվում: Ոստիկանության աշխատակիցները կարողացել էին «թարմ հետքերով» հայտնաբերել գողության մեղադրյալին: