ԵԽԽՎ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:
Բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը: Լիլիան Մորի Պասքիեն եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում:
ԵԽԽՎ նախագահը նշել է, որ այսօր էլ դեռ իրականացվում են ցեղասպանություններ և պետք է պայքարել ատելության, այլատյացության և խտրականության դեմ:
«Դրանք հանգեցնում են հանցագործությունների և դեմ են մարդու իրավունքներին, արժանապատվությանը»,- ասել է Լիլիան Մորի Պասքիեն: