Պետական լիազոր մարմինը պարտավոր է փոխհատուցում տալ նրան՝ բարոյական եւ ֆիզիկական վնաս կրելու համար.Լևոն Բաղդասարյան
Երբ անձի նկատմամբ գործը կարճվում է հանցակազմի բացակայության հիմքով, պետական լիազոր մարմինը պարտավոր է փոխհատուցում տալ նրան՝ բարոյական եւ ֆիզիկական վնաս կրելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 27–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։
«Մենք խոսում ենք դատարանների ծանրաբեռնվածության մասին, բայց եթե պետական տվյալ օղակներն իրենց տեղում եւ դերում լինեին, վստահեցնում եմ՝ մոտ հիսուն տոկոսով կթեթեւանար դատարանների գործը»,– ասաց Բաղդասարյանը։
Խնդիրն ավելի պարզ ներկայացնելու համար բերեց օրինակներ իր անձնական վարույթում գտնվող գործերից։ Մասնավորապես, երբ անձն արդարացվում է, բայց կրած բարոյական եւ ֆիզիկական վնասների համար փոխհատուցում չի ստանում։
«Առաջինը արդարացված անձանց իրավունքների խախտումն է։ Երբ անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվում, ձերբակալում են, այնուհետև կալանավորում։ Երկու ամիս հետո խափանման միջոց կալանքը փոխում են, բայց ունենում է մեղադրյալի կարգավիճակ՝ 2–2.5 տարի, չի կարողանում երկրից դուրս գալ, աշխատել։ Վերջապես արդարությունը հաղթանակում է, եւ անձի նկատամբ գործը կարճում են հանցակազմի բացակայության հիմքով»,– ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, այս դեպքում անձը պետությունից պետք է փոխհատուցում ստանա բարոյական եւ ֆիզիկական վնասներ կրելու համար։
«Պետական լիազոր մարմինը՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, բացարձակ անտեսելով օրենքի դրույթը, մերժում է եւ ոչ մի բան չի տալիս։ Ստիպված քաղաքացին դիմում է դատական պաշտպանության։ Գալիս է Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, ասում է, պետք է ինքը ապացուցի, որ հոգեբանական խնդիրներ է ունեցել այդ ընթացքում»,– ասաց Բաղդասարյանը։