ՊԵԿ-ը ներդրել է մեծ ծավալի տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգ
Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է մեծ ծավալի տվյալների(Big Data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգ:
ՊԵԿ-ից հայտնում են, որ նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս ռիսկերի վերլուծության եւ կառավարման ընթացքում օգտագործել տարատեսակ կառուցվածքի շտեմարաններ՝ առանց ծավալի եւ ձեւաչափի սահմանափակումների: Մաքսային եւ հարկային ոլորտների վերաբերյալ կատարել եւ ցուցադրել մեծածավալ վերլուծություններ եւ հաշվետվություններ՝ հաշված րոպեների ընթացքում:
Մասնագետների դիտարկմամբ՝ մեծ ծավալի տվյալների շտեմարանը բավականին ճկուն գործիք է:
Այն հնարավորություն է տալիս ավելի արագ եւ արդյունավետ ներկայացնել տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվական բազայի տվյալները, մակրո եւ միկրո հարթություններում իրականացնել տնտեսական վերլուծություններ, տարբեր հարկատեսակների վերաբերյալ կազմել հաշվետվություններ:
Անալիտիկ հաշվետվությունների համակարգի գործարկումը կարեւորվում է ոչ միայն կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման, այլեւ բիզնես միջավայրի բարելավման տեսանկյունից:
Ժամանակակից տեխնոլոգիական լուծումների եւ ռիսկերի կառավարման նորարարական մոտեցումներով ձեւավորված գործիքակազմը հնարավորությոuն է տվել թիրախավորել առավել ռիսկային գործոնները՝ նպաստելով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների ֆիզիկական զննման դեպքերի քանակի եւ տեսակարար կշռի նվազեցմանը: Այսպես, եթե 2018-ի 3-րդ եռամսյակում զննման դեպքերի քանակը կազմել է 5975, ապա 4-րդ եռամսյակում՝ 4848: Իսկ տեսակարար կշիռն ընդհանուր դեպքերի մեջ 12.8 տոկոսից դարձել է 7.5 տոկոս:
Ի դեպ, տեղեկատվությունը եռամսյա պարբերությամբ թարմացվում եւ տեղարդվում է ՊԵԿ պաշտոնական կայքէջում:
Մեծ ծավալի տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգի կատարելագործմամբ ՊԵԿ-ը նախատեսում է առաջիկայում ներդնել «խելացի» ռիսկերի կառավարման համակարգ՝ արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառմամբ: