Արարատ Միրզոյանը ընդունել է Կուբայի դեսպանին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում
Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պևիդա Պուպոյին:
ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացնում
են, որ խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական
առաքելության ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր
ջանքերը կներդնի հայ-կուբայական հարաբերությունների զարգացմանն ու
ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում:
Արարատ Միրզոյանը, նշելով, որ Հայաստանը Լատինական Ամերիկայի
տարածաշրջանի մի շարք երկրների հետ ունի բավականին ակտիվ
հարաբերություններ, հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Կուբայի
հետ փոխգործակցությունը ևս կհասնի բարձր մակարդակի:
Երկկողմ կապերի զարգացման գործում արժևորելով պատգամավորական
բարեկամական խմբերի գործունեությունը՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է,
որ Ազգային ժողովում արդեն ձևավորվել է Հայաստան-Կուբա բարեկամական
խումբը: Կարևորելով միջազգային հարթակներում փոխգործակցության
ակտիվացումը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ առկա է չօգտագործված զգալի
ներուժ:
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կուբայի իշխանություններին 1988
թ. երկրաշարժի դժվարին օրերին հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնելու
համար:
Էմիլիո Պևիդա Պուպոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար,
վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը նպաստելու
երկու երկրների միջեւ կապերի առավել զարգացմանն ու խորացմանը: Դեսպանը ևս
կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի ամրապնդման հարցում:
Զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության
ընդլայնման հնարավորություններին, կարևորել համատեղ ծրագրերի
իրականացումը, մասնավորապես, գիտակրթական և զբոսաշրջության ոլորտներում:
Կողմերը փաստել են, որ չնայած երկու երկրների միջև հեռավորությանը՝ առկա
են բոլոր նախադրյալները երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման
համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորման հարցին, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու
Կուբայի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններին: