Երևանի քաղաքապետարանում «Մայքրոսոֆթ»-ի հետ քննարկել են «Խելացի քաղաք» ծրագիրը
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «խելացի քաղաք» նախաձեռնության ՏՏ խորհրդատու Ֆրեդ Սիթբոնի հետ:
Հանդիպման ժամանակ ներկայացվել են «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից մշակված
«Խելացի քաղաք» լուծումները, որոնք հաջողությամբ ներդրվել են տարբեր
երկրներում և ներառում են այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են՝
զանգերի սպասարկման կենտրոնը, հեռախոսային հավելվածները, անհատական թվային
օգնականը և այլն։
Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր քայլեր է
ձեռնարկում «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման ուղղությամբ, որն էլ
կդառնա գործնական ծրագիր՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում
«խելացի» լուծումներ ապահովելու համար:
«Ուրախ ենք արձանագրել, որ խելացի քաղաք ունենալու հարցում
նույն պատկերացումներն ունենք և որ Երևանն այսօր աշխարհին զուգընթաց է
քայլում»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալն ու ընդգծել, որ Երևանի
քաղաքապետարանը կարևորում է համագործակցության ցանկացած առաջարկ:
Քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման գործում առանձնացնելով
ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ Ֆրեդ Սիթբոնը նշել է, որ
ընկերությունը կարևորում է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության
հաստատումն ու պատրաստ է «խելացի» քաղաքի իր առաջարկները ներկայացնել:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկելու
համագործակցության ուղղություններն ու Երևանի առումով հանդես գալու հստակ
ռազմավարությամբ: