Այսուհետ նման շաբաթօրյակներ կանցկացնենք վեցշաբաթյա պարբերականությամբ. Սուրեն Պապիկյան
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ մարտի 26–ին, հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։
Մինչ օրակարգային հարցերին անցնելը` Սուրեն Պապիկյանն անդրադարձել է
մարտի 23-ին անցկացված համապետական շաբաթօրյակին և ընդգծել, որ
հասարակության ու պաշտոնատար անձանց ներգրավվածության առումով այն վերջին
տարիների ամենահաջողված շաբաթօրյակներից մեկն էր:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մասնակցության համար և տեղեկացնել,
որ այսուհետ նման շաբաթօրյակներ կանցկացնենք վեցշաբաթյա
պարբերականությամբ` նպատակ ունենալով երկիրն ամբողջությամբ մաքրել
աղբից»,-նշել է նախարարը: Այս առնչությամբ Սուրեն Պապիկյանը մարզպետներին
հանձնարարել է գույքագրել իրենց մարզերում առկա աղբավայրերն ու
աղբակույտերը` հստակեցնելով դրանց հետագա շահագործման տարբերակները:
Անցնելով օրակարգային հարցերին` նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետների
հետ քննարկել է համայնքային հակակարկտային կայանքների ապակոնսերվացման
աշխատանքներին, մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված
ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև մարզերում ջրանցքների մաքրման, հակակարկտային
կայանքները պատրաստվածության բերելու, ինչպես նաև մարզպետների կողմից
բարձրացված այլ հարցերի: