Եթե որևէ խոսակցություն սկսում ենք փողից, մտնում ենք փակուղի. Փաշինյան
Բոլորս գիտենք, թե Հայաստանի ԳԱԱ-ն ինչպիսի հարուստ պատմություն ունի: Գիտությունների ազգային ակադեմիայում գտնվող Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ միջազգային հանդիպումների ժամանակ հաճախ շեշտում է՝ Հայաստանը եղել է Սովետական միության Սիլիկոնյան հովիտը:
«Խորհրդային միությունում գիտությունը հզոր էր, քանի որ պետությունը և հանրությունը գիտեին, թե ինչ են ուզում գիտությունից, գիտությունն էլ հստակ գիտեր, թե ինչ էր ուզում պետությունից և հանրությունից: Մեր ունեցած խնդիրների մեծ մասը կապված է այս թնջուկի հետ: Հանրապետության ստեղծման առաջին իսկ օրից տեղի է ունենում այս բանավեճը»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հայտնեց, թե ինչ է ուզում կառավարությունը գիտությունից:
«Մենք հայտարարել ենք, որ ՀՀ-ն տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր, հույս ունենք, որ ԳԱԱ-ն ողջ թափով կսպասարկի քաղաքական այս տեսլականը: Շատ է խոսվում գիտության ֆինանսավորման և տեսլականի մասին, որ ֆինանսների սղության կամ բացակայության պատճառով ինչ-որ բան չի ֆինանսավորվում, պակաս է ֆինանսավորվում կամ այնպես չի ֆինանսավորվում, ինչպես պետք է ֆինանսավորվի: Կառավարությունում մեր աշխատանքի ընթացքում ես առաջարկել եմ հրաժարվել փողի մասին խոսակցությունից: Եթե որևէ խոսակցություն սկսում ենք փողից, մտնում ենք փակուղի: Պետք է խոսել նրա մասին, թե մենք ինչ խնդիր ենք լուծում, ինչպես ենք պատկերացնում այդ խնդրի լուծումը: Առաջարկում եմ, որ այդ տրամաբանությունից դուրս գանք, որովհետև հարցն այն չէ՝ փող կա, թե չկա: Հարցն այն է, թե մենք ինչ ենք ուզում»,-ասաց Փաշինյանը: