Նուբարաշենում զինվորականին դանակահարած երիտասարդը ձերբակալվել է
Ոստիկանության աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզել են այսօր՝ մարտի 25-ին, Նուբարաշեն վարչական շրջանում ՀՀ ՊՆ N զորամասում ծառայող սպային դանահակահարածի ինքնությունը:
Այսօր ժամը 03:30-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունի բաժին հայտնել են, որ «ձախ կրծքավանդակի հետին մակերեսի, ձախ գոտկային շրջանի, ձախ նստատեղի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Արշակ Դանիելյանն է, որը, սակայն ի վիճակի չի եղել կատարվածի մասին տեղեկություններ հայտնել:
Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա. Դանիելյանին դանակի մի քանի հարվածներ է հասցրել Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 30-ամյա Զավեն Քեշիշյանը, որը դանակահարությունից հետո դիմել էր փախուստի: Ոստիկանների ու քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում Զ. Քեշիշյանը փաստաբանի ուղեկցությամբ ներկայացել է քննչական բաժին:
Զ. Քեշիշյանը որպես կասկածյալ ձերբակալվել է: