Այս դատական ակտը ոչ մի ձևով պատճառաբանված դատական ակտ չէ. Հայկ Ալումյան
Այսօր ասուլիս է հրավիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Քոչարյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու դատարանի որոշմանը: Նա դարձյալ անվստահություն է հայտնել դատարանի վճռի նկատմամբ՝ ասելով, որ այս անգամ իրենց սպասելիքները ավելին էին, քանի որ քրեական գործի բոլոր նյութերն ունեին իրենց ձեռքի տակ, ըստ որոնց` պետք է հիմնավորվեին պաշտպանական կողմի փաստարկները:
«Այդքան էլ անսպասելի չէր՝ հաշվի առնելով ճնշումները, որ գոյություն ունեն դատարանների նկատմամբ, պարզապես ավելի սպասելիքներ ունեինք այս դեպքում՝ հաշվի առնելով որ քրգործի բոլոր նյութերը մեր ձեռքի տակ էին ու հստակ կարելի է ասել, որ այն ամենը, ինչ ներկայացված է, իրականում ջուր է: Հիշում եք, որ ժամանակին պարոն վարչապետն ասաց, որ նախաքննության սկզբնական փուլում դատավորներից մեկը դիմել էր իրեն ու ասել, որ «գործը ջուր է», այս պատկերացոր արտահայտությունն ավելի քան տեղին է: Դա գնալով ակնհայտ է դառնում նրանց համար, ովքեր առնչվում են, անգամ դատարանների նկատմամբ ճնշումների պարագայում, իսկ որ կան, մի´ կասկածեք, հատկապես պարոն Քոչարյանի գործում»,- ասաց Ալումյանը:
Թե ինչի արդյունքում է նման եզրակացության հանգել, ասաց, թե´ գաղտնալսումների արդյունքում, թե´ հրապարակավ դատավորների հասցեին վարչապետի կողմից, իր խոսքերով, արտահայտած սպառնալիքների:
«Տեսանք՝ քանի դատավոր ինքնաբացարկ հայտնեց՝ չուզենալով գործ ունենալ պարոն Քոչարյանի կալանավորման հետ, ինչո՞ւ չեն ուզում գործ ունենալ, որովհետև մի կողմից` ո´չ հիմքերն են առկա, ո´չ պայմանները, մյուս կողմից` չկալանավորել չեն կարող»,- ասաց բանախոսը:
Նրա համոզմամբ՝ գործում ավելացվել է կաշառքի դրվագը, որպեսզի կալանավորման հիմքեր գոյություն ունենան:
«Անհրաժեշտ էր վերագրել հանցագործություն, որը պաշտոնական գործունեության հետ կապ չունի, հետևաբար ծնվեց ակնհայտ անհիմն մեղադրանքը, անգամ այս ամենի պարագայում առաջին ատյանի դատարանը գտավ, որ նվազագույն կասկած գոյություն չունի»:
Նա ընդգծեց, որ պաշտպանների փաստարկները հաշվի չառնելը անվստահություն է ներշնչում.
«Պաշտպանական կողմից որևէ փաստարկի դատարանը չի անդրադարձել, պատկերացնո՞ւմ եք, որևէ դատական ակտ, որի 90 տոկոսը նվիրված է այն մասին, թե ինչ փաստարկ բերեց քննիչը, մնացածը դատական վերլուծություններ են և ընդհանրապես չկա, թե ինչ փաստարկներ բերեց պաշտպանները: Մի ամբողջ օր պաշտպանական կողմը ներկայացրել էր իր փաստարկները, մոտ 5 ժամ ես եմ ներկայացրել, որոնց վերաբերյալ գրված է երեք տող: Այս դատական ակտը ոչ մի ձևով պատճառաբանված դատական ակտ չէ, և մենք սա բողոքարկել ենք արդեն, տեսնենք` Վերաքննիչ դատարանն այս առումով ինչ կասի»: