Եվս մեկ քրեական գործ՝ Ազատության հրապարակում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ
Ազատության հրապարակում մարտի 14-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին Shantnews.am-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ նշելով, որ քրեական գործը հարուցել է ՀՀ ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին քրեական գործ էր հարուցվել Ազատության հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Ինչպես արդեն հաղորդել ենք, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերով փաստական տվյաներ էին ձեռք բերվել այն մասին, որ 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ի վաշտի 2-րդ դասակի ավագ ոստիկան Ա. Ե.֊ն 2019թ. մարտի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց՝ Ազատության հրապարակում, ծառայություն իրականացնելու ընթացքում հավաքված քաղաքացիներին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներին և ՀՀ ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու վերաբերյալ օրինական պահանջ է ներկայացրել, որի ընթացքում հավաքված անձանցից մեկը փորձել է ճեղքել ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կազմված շղթան։