Տեղի ունեցավ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի արարողությունը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ Մոնթե Մելքոնյան 44 հասցեում տեղի է ունեցել ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Ծրագրի շահառուները կառուցվող համալիրի հիմքերում տեղադրել են սերունդներին ուղղված ուղերձը, կատարվել է հիմնաքարի ու երիտասարդ ընտանիքների օրհնության կարգ: Երիտասարդական ավանն ունենալու է 1100 բնակարան, 800 ավտոմեքենայի կայանման համար նախատեսված վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղեր, հասարակական նշանակության տարածքներ:
Առաջին անգամ Երևանում կառուցվող թաղամասն ունենալու է կոյուղաջրերի մաքրման անհատական կայան, որտեղ համապատասխան ֆիլտրումից հետո կոյուղաջրերն օգտագործվելու են տարածքի ոռոգման նպատակով:
Կառուցվող շենքերը շահագործման կհանձնվեն 2021 թվականի հոկտեմբերին, իսկ թաղամասի կառուցապատումն ամբողջությամբ կավարտվի 2022 թվականի մայիսին:
«Բնապահպանական տեսանկյունից բոլոր ափաստաթղթերը տեղում են, անցել ենք համապատասխան փորձաքննությունը՝ օրենքի տառին համապատասխան»,- ասաց «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը:
Նա նշեց, որ այս անգամ վարկավորման պայմանները վատթարացել են, սակայն դա եղել է անկախ իրենց կամքից:
«Նախկինում առանձին ֆինանսական գործիք էր կիրառվում, մեր ծրագրերի համար շահառուները որոշակի մեղմ պայմաններ էին ստանում, վերաֆինանսավորման գործիք կար: Ցավոք, հիմա այն այլևս չկա»,- ասաց նա: