Մենք չենք կարող տրամադրել այնքան ավտոկայանատեղի, ինչքան աշխատող կա. Հայկ Մարության
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը Ավագանու մարտի 22-ի նիստում «Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ հանդես եկավ առաջարկ-հորդորով:
Տեղեկացնելով, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների՝ այդ ավտոկայանատեղիում մեքենա կայանելու անհրաժեշտությունը շատ սուղ է՝ Մանուկյանն ասաց.
«Կուզենայի, որ մեր կողմից դա նախապես պարտադրանք լինի»:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ այդ հարցի հետ կապված քննարկում են ունեցել, նաև նամակ են ստացել թատրոնից, որտեղ հայտնում էին, որ ամեն տարի համայնքն իրենց տրամադրել է անվճար ավտոկայանատեղիներ, և խնդրում էին ավելացնել իրենց հատկացվող տեղերը:
«Մենք դրա հետ համաձայն չէինք: Գիտեք, դա անսպառ կարող է լինել, մենք չենք կարող տրամադրել այնքան ավտոկայանատեղի, ինչքան աշխատող կա: Մարդիկ այսօր փոքր գումարներով ձեռք են բերում ավտոմեքենաներ, գրեթե արդեն ամեն մարդ ունի մի ավտոմեքենա: Անցյալ տարի մոտ 75 հազար ավտոմեքենա է ներկրվել Հայաստան, այս տարի սպասվում է ավելի շատ, դրա կեսից ավելին մնում է Երևանում: Այն ինչ տրամադրում ենք, կթողնենք տրամադրված, սակայն ավելացում չի լինելու»,- ասաց քաղաքապետը: