Հայաստանից ամեն տարի արտահոսում է 5 մլրդ խմ ջուր, իսկ հարևանները 1 խմ ջրի ստացման վրա ծախսում են 4 դոլար․ նախարար
Հայաստանի հարևանները, մասնավորապես Թուրքիան, զգալի ռեսուրսներ են ներդրել, որպեսզի ենթակառուցվածքներ ստեղծեն և ունենան ջրի ամբարման հնարավորություն։ Իսկ Հայաստանը դեռ նոր պետք է սկսի այդ ուղղությամբ աշխատանքները։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Այն ջուրը, որը մենք օգտագործում ենք, դրանից ավելի՝ Հայաստանում ձևավորվող բոլոր մակերևութային հոսքերն արտահոսում են Հայաստանից։ Դա 4-5 միլիարդ խորանարդ մետր ջուր է։ Ընդ որում, ուզում եմ մի կարևոր թիվ նշել։ Օրինակ՝ մեզանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա արաբական ինչ-որ մի երկրում 1 խմ ջրի աղազրկման գումարը 4 դոլար արժե։ Այսինքն` 5 միլիարդ խորանարդ մետր ջուր ստանալը, որը կարելի է օգտագործել ոռոգման համար կամ խմելու նպատակներով, 20 միլիարդ դոլար գին ունի»,- ասաց Գրիգորյանը։