Հնարավո՞ր են փոփոխություններ Հարկային օրենսգրքում. պարզաբանում է ֆինանսների նախարարը
Ինչո՞ւ հարկային փոփոխությունների փաթեթը չի բերվում խորհրդարան, հնարավո՞ր են արդյոք փոփոխություններ այդ փաթեթում ՝ պայմանավորված փոքր ու միջին ձեռնարկատերերի, գրավատների աշխատակիցների դժգոհություններով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողները հարց են ուղղել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Վերջինս պատասխանել է, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է և հնարավոր են փոփոխություններ:
«Ես քննադատությունները չեմ մեկնաբանի, քանի որ փաստաթուղթն առնչվում է հազարավոր մարդկանց, պիտի մտածենք ոչ թե քննադատության, այլ բովանդակության մասին: Մենք ունենք հայտարարած ուղղություն, որ պատրաստվում ենք նվազեցնել հարկային բեռը, քանի որ դրանում ենք տեսնում տնտեսության աճի բանալին, իսկ ուղղակի հարկերի բեռի նվազումը կարճ ժամկետում նշանակում է ռիսկ, որ պետական եկամուտները պակաս կհավաքվեն, ինչը չի կարող ուղղակիորեն հանգեցնել ծախսերի նվազեցման»,- ասել է ֆինանսների նախախարը:
Նախարարը խոսել է նաև ընթացիկ տարում կանխատեսվող 4.9 տոկոս տնտեսական աճի մասին: Ասել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ հնարավոր է 4.6 տոկոս աճ: Նա բացատրել է, որ իրենց և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները շատ չեն տարբերվում, քանի որ «մի քանի տոկոսային կետի տարբերությունը էդ մեծ թվերի մեջ չի կարող գնահատվել որպես էական շեղում»:
«Մեր կարծիքով` իրենք պահպանողական կողմն են վերցրել: Կիրառվում է գործնականում նույն մեթոդաբանությունը: Մեր կանխատեսումն այն է, որ այն, ինչ դրված է բյուջեում որպես տնտեսական աճի սպասվող ցուցանիշ, պիտի որ ավելի համեստ լինի: Այսինքն` իրականում պետք է ավելի լավ ցուցանիշ լինի, քան էդ կանխատեսվող ցուցանիշը»: