Իրական մարդկանց, իրական բնակարանների ու աշխատատեղերի մասին՝ Կառավարության նիստում
Այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիպոտեկային վարկավորման աճը կազմել է 100 տոկոս: Այս մասին մարտի 21-ին Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրանք իրական մարդիկ են, ովքեր գնում են իրական բնակարաններ, վաճառողներն էլ են իրական մարդիկ, որ ավելի թանկ գնով են վաճառում իրենց իրական բնակարանները: Ակնհայտ է՝ այս պրոցեսը գնալու դեպքում ի հայտ են գալու իրական շինարարական պրոյեկտներ, որոնք իրական մարդկանց համար ստեղծելու են աշխատատեղեր և այլն»,- ասաց նա:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտնեց, որ բանկերի ակտիվներն այսօր 5 տրիլիոն դրամից շատ են, վարկային պորտֆելը 3 տրիլիոն դրամից ավել է:
«Հասկանալի է, որ մեր բանկային համակարգն ընդհանուր առմամբ շատ բարձր է գնահատվում և մենք պետք է արձանագրենք, որ դա շատ նուրբ համակարգ է: Կարծում եմ՝ մենք ճիշտ ենք անում, որ շատ զգույշ քայլերով փորձում ենք և’ ֆինանսական միջոցների հասանելիությունը բարձրացնել, և արդյունավետությունը, և’ այստեղ քննարկում ունենալ, իսկ հնչած մտքերը ոչ թե հակադրվում են, այլ շարունակում են իրար»,- նշեց վարչապետը: