Գործարկվել են հրապարակի շատրվանները. համալիրը կներկայանա նոր երգացանկով
Այսօր՝ մարտի 21-ին, գործարկվել են Հարապետության հրապարակի շատրվանները:
Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն մարտի սկզբից սկսել է մայրաքաղաքի շատրվանների ու ջրավազանների վերաբացման նախապատրաստումը:
Այժմ, տեխնիկական հանգույցների ստուգմանը ու տարածքի մաքրմանը զուգահեռ, կարգավորվում է նաև, այսպես կոչված, կառավարման կետը՝ համակարգչային հանգույցով:
Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին, բացի սանիտարական օր հայտարարված երեքշաբթիներից: Ջրային այս կառույցն առավոտյան 08:30-20:00-ն կգործի որպես սովորական շատրվան, ժամը 20-ից՝ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայանա նաև լուսաձայնային ու երաժշտական ողջ հմայքով:
Այս օրերին բարեկարգվում ու պատշաճ տեսքի են բերվում նաև երևանյան մյուս՝ ավելի քան 30 ջրային կառույցները, որոնց հերթական տարեշրջանի մեկնարկը կտրվի Մայրության և գեղեցկության օրը՝ ապրիլի 7-ին: