Հոկտեմբերի 27-ին Գորիկ Հակոբյանը բերել էր Նաիրի Հունանյանի գործը. Գագիկ Ջհանգիրյանը փակագծեր է բացում (տեսանյութ)
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
– Պարոն Ջհանգիրյան, մենք Ձեզ հատուկ նպատակով ենք հրավիրել, պետք է խոսենք պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հայտնի նամակից, որտեղ մի քանի շոկային բացահայտումներ կան, մանավանդ որ՝ այդ նկարագրություններում նշվում է նաև Ձեր անունը: Ծանո՞թ եք նամակին:
– Բնականաբար:
– Ինչո՞ւ հիմա:
– Կարծում եմ՝ մեր նախկին գործընկերները, ովքեր ծանոթանում են Ռոբերտ Քոչարյանի գրքի հատկապես իրենց նվիրված հատվածներին, ընկնում են հոգեբանական ծանր կացության մեջ և, կամա թե ակամա, արտահայտվում են, անհնար է չարտահայտվել: Վազգենի թիմակիցներին տրված գնահատականներն այդ գրքում բացասական են, եթե չասեմ՝ վիրավորական: Վահան Շիրխանյանի նամակի բովանդակությունից է նաև երևում, որ նա իր նամակը շարադրել է Քոչարյանի գրքին ծանոթանալուց հետո, ես այդպես եմ ենթադրում, այլ բանով պայմանավորված չէ, թե ինչու հիմա, երևի ծանոթացել է իր մասին Քոչարյանի գնահատականներին և այդ մասին արտահայտվել է: